Նարգիզ

Ծաղիկի հարս Նարգիզի ցավերը առավոտ նախիրը ճանապարհելուց բռնեցին: Լուրը չորացած խոտի ու վառած թրիքի հոտ պես անմիջապես տարածվեց գյուղում: Մարդ կա, որ այդ օրը դաշտ չգնաց` ականջները դրսին, երեխաներն էլ ջոկ-ջոկ բարձրացան տան քիվերի վրա ու ծիծիեռնակների նման թառեցին` սպասելով, թե, երբ պիտի լսեն նորածնի լացը:

Գուրգենը` Ծաղիկի մինուճար տղան ու Նարգիզի էլի ավելի մինուճար ամուսինը խառնվել էր իրար, դարձել էր մասկվիչի կառոբկա, ութսունի վրա անգիտակից վազում էր սենյակ, սենյակից խոհանոց, խոհանոցից գոմ, գոմից խոհանոց, մինչև Ծաղիկը բարկացավ ու վռնդեց տնից` կոշտ ասելով` տղամարդու տեղ չի՛:

Գուրգենը խեղճուկրակ տղա էր: Ձեռքից հեչ բան չէր գալիս, անճար էր ու վրան էլ` շատ պարզամիտ: Ամբողջ գյուղը անունը դրել էր Անճար Գուգո: Հարևան սնխչի Սեդան մինչև հիմա զարմացած է, թե ոնց պսակվեց: Բա որ հիմա էլ մի ղոշ տղա ունենա, խեղճ Սեդան պիտի նստի մարիամախոտի վրա` փարատելով 3 որդուց 6 աղջիկ թոռ ունենալու իրականությունը:

Բայց Գուրգենի պարզամտությունը չէր խանգարում Նարգիզին ուժգին սիրել: Մի գյուղից էին: Մի օր Գուրգենը օգնել էր Նարգիզին ու աղբյուրի մոտից ջուր բերել: Դույլը վերցրել էր ձեռքից ու չորս քայլ առաջ ընկած` քայլել Նարգիզի հորական տուն: Արդեն իսկ կիսատ դույլը դրել էր դռան շեմին ու լուռ կանգնել: Նարգիզը կես աչքի պոչով նայել էր Գուրգենին ու ժպտացել: Մտքում ինքն իրեն ասելով, թե` եթե առաջարկի ամուսնանալ, կամուսնանամ, ի՞նչ պակաս տղա է որ:

Գուրգենը երեք օր անց Նարգիզին հրավիրեց գյուղի կլուբ, Նարգիզը հորից թույլտվություն ստացավ ու գնաց: Հայրը թաքուն շատ ուրախացավ ընտանիքի համար:

Նարգիզը տան ամենափոքրն էր ու ամենաանգյալը: Միայն ջուր բերելն էին նրան վստահում, ձեռքից բան չէր գալիս, ծույլ- ծույլ նստում էր չոր թախտին, ծույլ- ծույլ հորանջում, ծույլ-ծույլ քնում: Տատը միշտ նախատում էր`քա՛, սա աղջկա շնորհք ա՞, բա դու որ պսակվես, քո վերջը ի՞նչ պիտի լինի, աղչի՛:

Բայց Նարգիզը անուշ քնում էր, քանի որ օրվա ընթացքում սեփական պարապ -սարապությունից շատ էր հոգնում:

Հարսանիքը չուշացավ:

Մի շաբաթից Ծաղիկենց բակում վրան խփեցին ու հարսանիք արեցին:

Նարգիզը հագավ սպիտակ փոռիկներով հարսի շոր, որ Գուրգենի տատուց էր մնացել, սպիտակ կոշիկներ, որ փոքր էին, բայց մայրը զոռեց` հագի՛ր, մի քիչ էլ դու քեզ նեղություն տու՛ր:

Նորահարսը Ծաղիկի սրտով չէր: Հենց ծանոթության առաջին օրը նկատել էր, որ հարսը անընդհատ հորանջում է ու քնկոտ ժպտում Գուրգենին:

-Քա, բալա ջան, էս խոխան ինչի՞ ա էսքան շողուլից ընգած, քնում չի՞ գիշերը, պու՜յ:

Տնային գործերից Նարգիզը գլուխ չէր հանում: Փոխինձն ինչ ա՞, դա էլ չէր կարողանում սարքել, բայց փոխարենը սիրով ու ախորժակով ուտում էր Գուրգենի քրոջ` տունը մնացած Դոնարի պատրաստած ամեն ինչը:

Դոնարը ճիշտ Նարգիզի հակապատկերն էր` ղոչաղ, շարժուն, ուշ քնում էր, շուտ արթնանում, համարյա չէր հորանջում: Մազերը երկար էին, անխնա գզզզզում էր, բարձրացնում ու թույլ տակից հավաքում:

Ուներ բազում պլպլան մազակալներ: Դոնարի թուլություն էր:

Կնոջ համար լավ բոյով- բուսաթով էր, բայց էն ա` բախտ չուներ:

-Որովհետև Աստծո գեշն ա Անաստվածը,-պարզաբանում էր հարևան տատմեր- սնխչի Սեդան:

ԵՎ իրոք, Դոնարը բոյով- բուսով էր, բայց սև, չոր տախտակ, 36 տարեկան աղջիկ էր, ատամների կեսը ոսկի, կեսը` սեփական` գործրանային արտադրության:

Գուրգենի հայրը` Անդոկը, շատ հավասար մարդ էր: Առավոտից գիշեր գլուխը կախ աշխատում էր ու չէր տրտնջում: Շատ բան չէր լսում` մի ականջից կաղ էր: Չէր խառնվում աղջկա ու կնկա` հարսի մասին բամբասանքներին: Նարգիզը Գուրգենից հետո ամենաշատը սիրում էր սկեսրայրին, որովհետև նա հետը ջանով էր խոսում:

Անդոկը կյանքում շատ ջանք էր թափել: Տարով ձի էր, ամսով` այծեղջուր: Եվ այս համաստեղությունների տակ այնքան քրտինք էր թափել ու հոգնատանջ քնել` վերջնականապես ապացուցելով, որ հենց աշխատանքն է ստեղծել մարդուն:

Բայց վերադառնանք Նարգիզի ցավերին: Ծաղիկը չխառնվեց իրար: Արագ ցանկապատից այն կողմ ձայն տվեց հարևան- բաժակ նայող- տատմեր- սնխչի Սեդային, ով համատեղության կարգով նաև նադիսանում էր Գուրգենի հորաքույրը: Սեդան ձեռքերը տաք ջրով լվաց ու մտավ սենյակ, որտեղ Ծաղիկը արդեն պատրաստել էր տաք-տաք սավանները, թասով ջրի մեջ լցրել էր նարգիզի ծաղկի փոշին ու դրել աթոռին:

Նարգիզը քնաթաթախ մի տղա բերեց` ճիշտ Գուրգենը:

Սեդան դուրս եկավ սենյակից, շնորհավորեց ու բակից կանչեց միջնեկ հարսին, թե` աղչի մի քիչ մարիամախոտ սարքի ու բեր խմեմ, շու՛տ-շու՛տ:

Նարգիզը մայր դառնալուց հետո շատ փոխվեց` սկսեց օր ու գիշեր հորանջել, ժամերով սենյակից դուրս չէր գալիս` կերակրում էր փոքրիկ Անդոկին, որը 6 ամսվա ընթացքում լավ թռփոշացել էր:

Գուրգենն էլ միշտ կնոջ կողքին էր, օգնում էր, զրուցում ու երազում, որ մի օր անպայման կգնան քաղաք: Էտ խոսքից Նարգիզի կաթը շատանում էր, յուղոտվում…

Մի օր դուրս եկավ սենյակից հոգնած տեսքով, սփրթնած դեմքով , բարձի հաշվին գզգզված մազերով ու ճմռթված շորերով: Ծաղիկը, ոտքից գլուխ հարսին չափելով, միանգամից վրա ելավ.

-Պու՜յ, աղջի՛կ ջան, խալխի տղու ծոցը քնել գիտես, բայց չգիտե՞ս, որ խոխա պահելը հեշտ գործ չի:

Նարգիզը հայացքը իջեցրեց ու վտանգավոր ժպտաց:

Ծաղիկը միամիտ կին չէր, բայց նույնիսկ նրա մտով չանցավ, որ հարսի հոգնատանջ դեմքն ոչ թե փոքրիկ Անդոկի, այլ դեռ չծնված փոքրիկ Ծաղիկի պատճառով էր, որը Նարգիզի որովայնում արդեն իսկ խուտուտ էր տալիս:

Գլխի ընկավ միյան բախտ նայող- տատմեր- սնխչի -ձկան աչք հարևան Սեդան ու մարիամախոտը կում անելով` լռեց…

Advertisements

One thought on “Նարգիզ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s