Կատուն, որը ուզում էր մարդ դառնալ…

Մի օր կատուն որոշեց մարդ դառնալ:

Հավես չուներ էլ մլավելու:

Հոգնել էր քաղաքի փողոցներով, լքված բակերով թրև գալուց:

Հոգնել էր կատվային կյանքից: Փիսո- փիսո խաղալուց:

Կամ քշում էին, կամ վատ նշան համարում, կամ էլ բակի երեխեքն էին լարում:

Իսկ «զիբիլի կատու» արտահայտությունը վիրավորել էր մինչև հոգու խորքը:

Մի խոսքով կատուն հիասթափության մեջ խրված էր:

Պիտի՛ մարդ դառնար…

Մարդավարի ապրե՛ր…

Տուն-տեղ, ընտանիք, երեխա, ընկերներ, գուցե և աշխատանք` չնայած կասկածում էր. բնածին ալարկոտությանը նույնիսկ մարդ դառնալը չէր փրկի:

Բայց չորքոտանիից դեպի երկոտանի ճամփեն փշոտ պիտի լիներ: Այդ պատճառով էլ որոշեց, որ սկզբից կուսումնասիրի մարդկանց: Կմագլցի քաղաքով մեկ: Կբարձրանա ծառերի վրա ու կհետևի մարդկանց` իրենց իսկ տանը:

Պատուհանից այն կողմ մարդկային կյանքը, նիստուկացը, սովորություններն ու ամենակարևորը` էությունը իրական են:

Այլ կերպ ասած` տանը յուրաքանչյուրը հանում է օրվա նշանակության իր դիմակը ու մաքրամաքուր, պարզերես առերեսվում կյանքին:

Կատուն սկսեց հարազատ բակից: Մագլցեց ծառերի վրա ու ինչքան լուսավորված պատուհան կար, ուսումնասիրեց կյանքը ներսից:

Մեկում տեսավ մի ծեր կնոջ, որը տառապում էր անքնությամբ` ծանր մտքերից, հուշերից ու ինքն իր աննպատակ գոյությունից հոգնած: Ամբողջ գիշեր ծանր- ծանր քայլում էր` հողաթափերը քսթքսթացնելով կիսամութ սենյակում: Հիշում էր իր երբեմնի երջանկությունը` ամուսնու ու որդիների հետ: Բոլորն էլ գնացին` ամուսինը էն աշխարհ, որդիներն էլ ամեն մեկն իր ճանապարհով` մեղմ անտարբերության ու մոռացության մեջ թողնելով նրան:

Կնոջ անհույս, դատարկ ու մահ սպասող հայացքը շատ ազդեց կատվի վրա:

Թռավ մյուս ծառը: Դիմացը` երրորդ հարկում, երիտասարդ մայրը փորձում էր քնացնել նորածին տղային: Սենյակում մենակ էր: Չէ՛: Բոլորովին միայնակ: Ամուսնու անտարբերությունն, օրվա հոգնությունը, մեծ աղջկա անհաղորդ հայացքը հիմնովին փուլ էին տվել նրա` երջանիկ լինելու բոլոր երազները: Դեռ դպրոցական տարիներից երազել էր, որ իր ստեղծած ընտանիքը սիրով է լինելու, էն անսեր ընտանիքի նման չի լինելու, որտեղ ինքն է ծնվել ու մեծացել:

Ջերմ է լինելու, սիրող, սեր տվող, խնայող…

Ժամանակի ընթացքում կինը դարձել էր իր մոր պես համր ու գունատ:

Կատուն կնոջ աչքերում փայլ նշմարեց: Փողոցի լապտերի լույսը ընկել էր նրա դեմքին ու լուսավորել արցունքակալած աչքերը: Նա լուռ, համակերպված լաց էր լինում ու մեղմ շոյում տղայի թափանցիկ, դեռևս չձևավորված ունքերը բաժանող ճանապարհը: Կատուն մռռաց, հաճելի կլիներ իրեն էլ էտպես շոյեին…

Անձրևը կաթկթում էր քաղաքի վրա, դանդաղ, բայց խիտ կաթիլներով: Կատուն անցավ հարևան բակը: Ճանապարհն անցնելից դեռ աչքի առաջ էր մոր այդ մեղմ հայացքը, փափուկ շոյելն ու չնկատեց փողոցով արագ սլացող մեքենան, որը քիչ էր մնում տրորեր կատվին:

Շան բախտ ուներ կատուն: Պլաստաց:

Հարևան բակում պատուհանների լույսերը քիչ էին: Շենքը համարյա մթության մեջ էր: Կատուն ծառը բարձրացավ, հարմար տեղավորվեց դարչնագույն տերևներով ճյուղի վրա ու տեսավ մի աղջկա, որը մոր հետ էր խոսում:

Առանց դեմքին նայելու:

Կոպիտ:

ԱՆսեր:

ԱՆշնորհակալ:

ԱՆտարբեր:

Կատուն չդիմացավ:

Մոր խեղճուկրակ հայացքը տխրեցրեց կատվին: Գլխիկոր իջավ ծառից: Անցավ մյուս պատուհանի կողմը:

Այստեղ` հյուրասենյակի բազմոցին, ամուսիններ էին նստած:

Հեռուստացույց էին նայում: Գովազդ:

Տաքացման համակարգի մասին:

Մի տարի էր անցել ամուսնությանից, բայց արդեն հասկացել էին, որ սերը գոլորշիացել է:

Առաջվա կիրքը չկա: Անտարբերությամբ միմյանց դիմավորում էին, անտարբերությամբ ճանապարհում:

Կանցնի ևս մի քանի տարի ու կինը ամուսնու առաջ սեղան կգցի բացահայտ անտարբերությամբ` հերթապահ խոսքի տոնայնությունը պահելով: Ամուսինն էլ կձևացնի, թե լսում է, բայց մտովի կհիշի, որ հեռախոսի մարտկոցը մեռացել է աշխատավայրում: Ստիպված կլինի մի քիչ երկար տանել ու լսել կնոջ անիմաստ կենցաղային պատմությունները:

Կանցի ևս մի տարի ու ամուսինը կսկսի սեր փնտրել դրսում` սրճարաններում, փողոցներում, հերթերում:

Կդավաճանի կնոջը, բայց մեղքի զգացում բոլորովին չի ունենա:

Կինը անշուշտ գլխի կնկնի, բայց թքած կունենա, ու Տերը վերևներից էս ամենը կտեսնի ու իր օրագրում կգրի, որ մարդկային անտարբերությունից վատ բան չկա` որովհետև հենց անտարբերությունն է բոլոր չարիքների սկիզբն ու վերջը:

Կատուն իջավ: Նստեց լքված տաղավարի կանաչ նստարանին, որտեղ ցերեկները բակի բիձեքը նարդի են շխկացնում ու տեսավ առաջին հարկում ապրող կնոջը, ով ամեն գիշեր օրագրից պոկ չէր գալիս:

ՔՆԵԼ, ԱՐԹՆԱՆԱԼ, ԱՇԽԱՏԵԼ,

ՔՆԵԼ, ԱՐԹՆԱՆԱԼ, ԱԽԱՏԵԼ…

Խղճուկ կյանք:

Իսկ գիշերն օրագրում կինը ինքն իր հետ էր, ինքն իրեն էր պատկանում` տան ամենալուռ սենյակում` հեռու փողոցի ձայներից, ներդաշնակությունը ցնցող աղմուկ- աղաղակից:

Պատուհանից անդին` փողոցի լույսերի միջով, անձրևի կաթիլներն են կտկտում, որոնք կարծես պիտի մեղմ ցավազրկողներ լինեն, բայց չգիտես ինչու ավելի խորն են ցավը զգալ տալիս:

Կատուն անձրև չի սիրում: Թրջվել չի սիրում: Դրանք դեմ են իր կատվային բնույթի բոլոր գրված ու չգրված օրենքներին:

Մի գիշերվա ընթացքում սև կատուն տեսավ մարդ տեսակի անմարդկային էությունը` չարություն, լուռ նախանձ, այն զսպելու անկարողություն, չկամություն, միայն վատը տեսնելու ցանկություն, ստորություն, երկերեսանիություն ու այս ամենի հետաևանքով գոյացած տառապանք, որը միայն մարդն է ունակ ու զորու տանել…

Չէ՜, չի ուզում այլևս մարդ դառնալ կատուն: Մադկային կյանքն ու աշխարհը` համենայն դեպս այսօրվա տեսածից, միմյանց վատը կամենալու, չներելու, նախանձելու մի երկար ճանապարհ է, որով սև կատուն չի ուզում անցնել…

Ավելի լավ է շարունակի թրև գալ, գարնանը լիաթոք մլավի ու սղոցի մարդկանց նյարդերը, արժանի են…

…Եվ հրճվում է կատուն իր բախտից: Հրճվում է, որ էլ չի ուզում մարդ դառնալ, որ մարդկային աշխարհն էլ չկա իր համար, որ հիշողություն էլ չկա…

One thought on “Կատուն, որը ուզում էր մարդ դառնալ…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s